Լատվիայում ավտոբուսի ուղևորուհին հարձակվել է կին վարորդի վրա, երբ վերջինս չի կանգնել իր կանգառում ու ռուսերեն է պատասխանել իրեն
Լատվիայում ավտոբուսի ուղևորուհին հարձակվել է կին վարորդի վրա, երբ վերջինս չի կանգնել իր կանգառում ու ռուսերեն է պատասխանել իրեն։ Ինչպես գրում է jauns.lv կայքը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 9-ին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն երեկ։
Լինդա անունով ուղևորուհին պնդում է, որ անցել է իր կանգառը, քանի որ վարորդը ձևացրել է, թե չի հասկանում լատիշերեն և պատասխանել է իրեն ռուսերեն։
«Ցույց տվեցի տոմսը, կին վարորդը պատասխանեց ռուսերեն, թեև ես նրան դիմել էի լատիշերեն։ Իմ 3-ամյա երեխան չհասկացավ, թե ինչ ասաց նա։ Առհասարակ, ինչո՞ւ են մեզ հետ օտար լեզվով խոսում», - բարկացել է կինը։
Նրա խոսքով՝ ինքը խնդրել է վարորդին կանգնել կանգառում, սակայն վերջինս քմծիծաղ է տվել ու շարունակել ճանապարհը։
Ուղևորուհին նշում է, որ վախից հարձակվել ու սկսել է քաշքշել վարորդի մազերը, քանի որ դրսում մութ էր և տեղում էր անձրև, և ինքը ստիպված էր նման պայմաններում իր երեխայի հետ սխալ վայրում իջնել։
«Գոռացի, որ մեզ դուրս թողնեն, նա քմծիծաղ տվեց, շարունակեց ճանապարհը։ Ես ճանկեցի նրա մազերը, ուրիշ ի՞նչ կարող էի անել, եթե լատիշերեն չի հասկանում։ Այդ ժամանակ նա մեզ դուրս թողեց ինչ-որ ամայի տարածքում», - պատմել է կինը՝ հավելելով, որ ինքն ու երեխան ստիպված են եղել անձրևին և քամուն երկար քայլել անծանոթ վայրում։
Քանի որ ավտոբուսում չեն եղել հսկիչ տեսախցիկներ՝ ուղևորի պատմածների իսկությունը ստիպված կլինեն պարզել իրավապահները։










