Աշխարհում ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է մաքուր ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունից. ՄԱԿ
Ամբողջ աշխարհում ավելի քան 2 մլրդ մարդ զրկված է ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունից, ինչի մասին ասվում է ՄԱԿ-ի՝ համաշխարհային ջրային ռեսուրսների զարգացման վերաբերյալ նոր զեկույցում:
Ինչպես նշում է ria.ru-ն, զեկույցը հրապարակվել է Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվան ընդառաջ:
Փաստաթղթում նշվում է, որ ամեն տասը մարդուց երեքը չունի անվտանգ խմելու ջրի, տասից վեցը՝ սանիտարական ծառայությունների հասանելիություն, մինչդեռ ամեն իններորդը ստիպված է իր բնական կարիքները հոգալ ոչ պատշաճ վայրերում:
Ըստ զեկույցի հեղինակների՝ անպաշտպան աղբյուրներից ջուր խմողների գրեթե կեսը բնակվում է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ ընկած հատվածում: Այս տեղանքում բնակչության միայն 24%-ն անվտանգ խմելու ջրի և 28%-ը սանիտարական հիմնական միջոցների հասանելիություն ունի:
Փորձագետները նաև նկատում են, որ աշխարհում ավելանում է ջրային պաշարների հետ կապված կոնֆլիկտների քանակը: 2000-2009թթ. դրանք եղել են 94-ը, մինչդեռ 2010-2018թթ. ընթացքում ցուցանիշը հասել է 263-ի:
«Եթե շրջակա բնական միջավայրի վատթարացումն ու ջրի համաշխարհային պաշարների նկատմամբ կիրառվող անվերահսկելի ճնշումը շարունակվեն ներկայիս տեմպերով, ապա 2050թ. դրությամբ ներքին արտադրանքի համաշխարհային համախառն արդյունքի 45%-ն ու ցորենի համաշխարհային արտադրության 40%-ը վտանգի տակ կլինեն: Բնակչության աղքատ և մարգինալ շերտերը անհամաչափ կտուժեն, ինչն էլ ավելի կվատթարացնի առանց այդ էլ աճող անհավասարությունը»,-նշել է UN Water-ի և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի նախագահ Ժիլբեր Ունգբոն:










