«Տափակ Երկրի» տեսության հետևորդները պատրաստվում են 2020թ. աշխարհի «ծայրը» հասնել
Մի խումբ մարդիկ, որոնք հավատացած են, որ Երկիր մոլորակն իրականում տափակ է, պատրաստվում են հաջորդ տարի Անտարկտիկա մեկնել ու հասնել, իրենց համոզմամբ, աշխարհի «ծայրը»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Տափակ Երկրի միջազգային համաժողովի (FEIC) անդամները ծովով կուղևորվեն դեպի Հարավային բևեռ: Սակայն նախքան այդ խումբն իր ամենամյա համաժողովը կանցկացնի Դալասում:
Պարբերականը նկատում է, որ վերջին շրջանում շատացել է այն մարդկանց թիվը, որոնք հավատացած են, որ մեր մոլորակն իրականում ոչ թե գնդաձև է, այլ տափակ: Նրանք հակված են այն տեսակետին, որ Անտարկտիկայի սառույցները պատի պես եզրագծում են Երկրի «եզրերը»:
Նրանք նաև կարծում են, որ ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, թաքցնում է մեր մոլորակի և տիեզերքում դրա դերի մասին տեղեկությունները:











