Լուրջ չեք վերաբերվել այս զեկույցին, փոխարենը ներկայացնեք՝ ինչ եք արել, ասում եք՝ ռեկորդային թվով գիրք է վաճառվել. Մ. Հայրապետյանը՝ Նազենի Ղարիբյանին
Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում ոլորտի նախարարները ներկայացրին նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի համառոտ զեկույցից հետո հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը դժգոհեց. «Տիկի՛ն Ղարիբյան, ինձ մոտ տպավորություն է, որ լուրջ չեք վերաբերվել այս զեկույցին»:
Հանձնաժողովի նախագահը նշեց, թե խոսքը կառավարության կատարած աշխատանքի մասին է 2018 թ.-ի, մինչդեռ նա եկել է և ասում է, որ կառավարության հետևողականության արդյունքում բացառվում են պատմամշակութային շինությունների քանդման դեպքերը:
«Արդյոք համաձայն չե՞ք, որ սա չի համապատասխանում արդյունավետ զեկույցի հայտարարությանը: Ես կուզեի, որ Դուք շուտ գայիք և լսեիք սպորտի նախարարի զեկույցը, որովհետև այն լիուլի համապատասխանում էր, կոնկրետ աշխատանքներ և արդյունքներ, որն օրենքն ընթացակարգով պահանջում է: Մենք խոսում ենք, թե ինչ է արել Մշակույթի նախարարությունը, դուք ասում եք, որ ռեկորդային գիրք է վաճառվել, չեմ հասկանում,»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
Վերջինս նշեց, որ եթե Մշակույթի նախարարության քաղաքականության արդյունքում են վաճառվել այդ գրքերը, ապա կխնդրեր ներկայացնել՝ ինչ քաղաքականություն է տարվել:
Նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ քննադատություններն ընդունում է: «Ես սա միայնակ չեմ գրել: Սա մի տեքստ է, որը մշակվել է ոչ միայն նախարարության, այլ նաև կառավարության աշխատողների կողմից: Այս առումով նաև դեբատներ են եղել»,- ասաց Ղարիբյանը:










