Ռեֆերատ՝ 3000, կուրսային՝ 5-ից 7000 դրամ, խայտառակություն է. առաջարկվում է արգելել ռեֆերատ, կուրսային, դիպլոմային աշխատանքներ պատրաստելու ծառայությունների գովազդը
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Նախագծով առաջարկվում է արգելել կրթական, գիտական և հետազոտական ծրագրերի շրջանակներում սովորողի (աշակերտի, ուսանողի, ունկնդրի, հետազոտողի) կողմից ինքնուրույն կատարման ենթակա առաջադրանքները, հետազոտությունները և այլ գործնական աշխատանքները (ռեֆերատ, կուրսային, դիպլոմային, ատենախոսություն և այլն) կատարելու, մշակելու, պատրաստելու ծառայությունների գովազդը։
Ըստ նախագծի՝ գիտական ուսումնասիրություններ ու ատենախոսություններ պատրաստելու պարտադիր նախապայման է սովորողի կամ հետազոտողի ինքնուրույն աշխատանք կատարելու հանգամանքը։ Մինչդեռ գովազդի տարբեր միջոցներով անարգել տարածվում են ռեֆերատներ, կուրսային, դիպլոմային և այլ ավարտական աշխատանքներ կատարելու, գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու ծառայություններ, որոնք ուղղակիորեն միջամտություն են կրթության և գիտության արդյունքների կեղծմանը, հետևաբար նաև՝ հարված որակի ցուցանիշներին, շրջանավարտի իրական ձեռքբերումներին ու աշխատաշուկայում վստահության նվազեցմանը։
Օրինակ`kursayin.am կայքի տվյալներով հայտարարվում է. «Ավելի քան 12 տարի մենք համարվում ենք կրթության ոլորտի առաջատար ծառայություններ մատուցող ընկերություն»: Ըստ Հովհաննիսյանի՝ բուհերն էլ պետք է, իհարկե, կամք ու ցանկություն ունենան գործիքներ ներդնելու, որպեսզի ուսանողները պայքարեն այդ երևույթների դեմ: Ըստ նրա՝ երևույթներն էլ միատարր չեն, խնդիրներից է, որ ամբիոնները ամեն տարի միևնույն թեմաներն են հաստատում կուրսայինների, դիպլոմայինների համար: Նրա խոսքով՝ ակադեմիական գրագրության դասընթացներ էլ չկան բուհերում:
Պատգամավորը եկել էր գնացուցակներով, թե այդ կազմակերպություններն ինչքանով են վաճառում այդ ռեֆերատները: «Ռեֆերատ՝ 3000 դրամ, կուրսային 5-7 հազար դրամ և այսպես շարունակ: Գնացուցակները հասանելի են, կարող եք մտնել, տեսնել կամ էլ էջերով են հաշվում՝ ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800 և այլն, սա ուղղակի խայտառակություն է»,-ասաց նա:
Բացի այդ, Հովհաննիսյանի խոսքով՝ շատ ուսանողներ տանում են իրենց աշխատանքները պատճենահանելու, այդ կազմակերպությունները պահում են, հաջորդ ուսանողին վաճառում: «Ես գիտեմ նման դեպք. Հոգեբանության ֆակուլտետում նույն աշխատանքն այլ ուսանողի վրա վաճառել են»,-ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ փորձել է իմանալ՝ քրեականացված է արդյոք, չի գտել, շատ երկրներ այլ ճանապարհ են ընտրել խնդրի լուծման: Հովհաննիսյանն ասաց նաև, որ, իհարկե, օրինագիծը չի լուծում իր վերջնական խնդիրը, և կառավարությունը գրել է իր եզրակացությունում, որ դրվագային է, և ինքը համաձայն է կառավարության հետ:
Նա առաջարկում է, որ ավելի լավ է ավելի քիչ ուսանողից պահանջել, քան նման ծավալի 30 էջ ռեֆերատի առաջադրանք տալ:
Ըստ նրա՝ լուծման վերջնական տարբերակը բուհերում է, որոնք պետք է ներդնեն համապատասխան համակարգեր, նույնականացնելու աշխատանքներ: «Այդ հարցը հնարավոր է լուծել մոտակա մեկ տարվա մեջ, եթե բուհերի ղեկավարները ցանկանան, այդ համակարգն այդքան էլ թանկ չէ, և ամեն բուհ կարող է իրեն թույլ տալ այդպես աշխատել»,-ասաց նա:










