Իրանական Ամանորին նախորդող կրակի փառատոնի ժամանակ զոհեր և վիրավորներ են գրանցվել. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

16:11 • 20.03.19

Իրանական Ամանորին նախորդող կրակի փառատոնի անցկացման ժամանակ երկրում զոհեր և բազմաթիվ վիրավորներ են գրանցվել: Associated Press-ի համաձայն՝ տուժածների թիվը 155 է, ընդ որում՝ 48 մարդ աչքի շրջանում վնասվածքներ է ստացել, մինչդեռ բրիտանական Daily Mail-ը հաղորդում է այս տարվա տոնակատարությունների ժամանակ մոտ 3450 վիրավորի և վերջին օրերին փառատոնի հետևանքով 4 զոհի մասին:

Կրակի փառատոնը մոտ 4000 տարվա պատմություն ունի: Այն սկսվում է իրանական Նոր տարվան՝ Նովրուզին (Նոռուզ) նախորդող օրերին: Պարսկական օրացույցի համաձայն՝ այս տարի Նովրուզը կտոնվի մարտի 21-ին: 

Փառատոնի ժամանակ մարդիկ հրավառություն են կազմակերպում, թռչող լապտերներ են ուղարկում երկինք, ցատկում են կրակի վրայով կամ պարում դրա շուրջը՝ տոնելով գարնան գալուստը:

«Իրանցիները սիրում են տոնել, և նրանք դրա կարիքն ունեն հատկապես հիմա, երբ մեր երկիրը տնտեսական խնդիրների առաջ է կանգնած: Սա մարդկանց համար գոնե մի գիշեր խնդիրներն ու դժվարությունները մոռանալու միջոց է»,- ասել է փառատոնի մասնակիցներից մեկը:

Հայտնի է, որ 2017թ.-ի տոնակատարությունների ժամանակ 16 մարդ է զոհվել: