Ղազախստանի մայրաքաղաքում ի պատիվ Նազարբաևի հուշարձան կկանգնեցվի

16:19 • 20.03.19

Ղազախստանի մայրաքաղաքում ի պատիվ երկրի առաջին նախագահ, իր լիազորությունները վայր դնելու մասին նախօրեին պաշտոնապես հայտարարած Նուրսուլթան Նազարբաևի հուշարձան կկանգնեցվի, գրում է gazeta.ru-ն:

Որոշումն ընդունել է Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը՝ հավելելով, որ հարկավոր է բոլոր շրջանային քաղաքների կենտրոնական փողոցներն անվանափոխել Նազարբաևի պատվին:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները: 

«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:

Այս առաջարկի հեղինակը ևս Տոկաևն է:

«Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել էր Տոկաևը:

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում այսօրվանից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը: Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:

Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք: