ԿԳՆ ներկայացուցիչ է գնացել Ավշարի դպրոց` տնօրենին և ուսուցչական անձնակազմին հաշտեցնելու
Այս պահին Ավշարի դպրոցում հանդիպում է տեղի ունենում կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի, դպրոցի ուսուցչական անձնակազմի և տնօրենի միջև: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:
«Կրթության նախարարությունից են եկել մեզ հետ հանդիպման, որ հաշտեցնեն, երկու կողմերին էլ լսեն: Հիմա այդ հանդիպումն է տեղի ունենում»,- ասաց նա:
Նա հավելեց, որ դպրոցում դասապրոցեսը վերականգնված չէ, և աշակերտները չեն ներկայացել դպրոց:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե այսօր դասապրոցեսը չվերականգնվի, իրենք, իրավիճակից ելնելով, լուծում կտան հարցին:
Ամալյա Առաքելյան










