Այստեղ մենք գործ ունենք ամենաանպարտաճանաչ հողի հարկ վճարողների հետ. Գեղարքունիքի մարզպետն այցելել է Գեղամասար խոշորացված համայնք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց է կատարել Գեղամասար խոշորացված համայնք, որի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքի ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների, Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկել է մի շարք աշխատանքային ու հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մինչ հանդիպման մեկնարկը դպրոցի տնօրեն Աշոտ Բարսեղյանը ներկայացրել է խնդիրներ՝ կապված դպրոցի ջրամատակարարման ու ջրահեռացման, մարզադահլիճի հատակի նորոգման հետ:
Մարզպետը տեղում հանձնարարել է՝ դպրոցի տնտեսված միջոցների հաշվին ձեռնարկել պահանջվող քայլեր:
«Դուք ձեր գործն անում եք նվիրումով ու պատվով: Անշուշտ, թե՛ շենքային պայմանները, թե՛ ձեզ վճարվող աշխատավարձը բավարար չեն, սակայն մենք կփորձենք քայլ առ քայլ կարգավորել այդ հարցերը, ինչպես, օրինակ, աշխատավարձի 10 տոկոսի բարձրացումն էր ձեր հիմնարկում»,- մանկավարժներին դիմեց Գնել Սանոսյանը: Ապա մարզպետը հանդիպման մասնակիցներին հորդորեց աշխատանքներին մոտենալ բարձր պատասխանատվությամբ, ոչ մի կերպ չթերանալ տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ լուծում տրվի համայնքի բնակավայրերում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:
«Գեղամասար համայնքի բնակավայրերում գրեթե չկա մի հողատարածք, որը չմշակվի: Սակայն այստեղ մենք գործ ունենք ամենաանպարտաճանաչ հողի հարկ վճարողների հետ: Ստիպված եմ զգուշացնել, որ հարկային պարտավորություններից խուսափող անձանց այս գարնանը կարգելվի հողի մշակությամբ զբաղվել՝ մինչեւ որ նրանք չմարեն կուտակված պարտքերը: Ավելին, նրանք կզրկվեն վարձակալի իրենց իրավունքներից: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հողն անմշակ չեն թողնում, բերք ու բարիք են արտադրում այս երկրի համար, սակայն նրանք պետք է կատարեն նաեւ իրենց հարկային պարտավորությունները, որպեսզի համայնքն էլ իր հերթին հնարավորություն ունենա ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնել կառավարություն, բավարար միջոցներ գտնի ճանապարհների, ջրատարների, մանկապարտեզների, դպրոցների կառուցման կամ հիմնանորոգման համար: Նման արդյունքները հուշում են, որ թե՛ աշխատակազմում, թե՛ բնակավայրերի վարչական ղեկավարների կազմում ոմանք չեն տիրապետում իրավիճակին: Նման դեպքում հրատապ պետք է դրվի կադրային փոփոխությունների խնդիրը»,-նշեց Գնել Սանոսյանը:
Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր հերթին նշեց, որ այս գարնանը կլուծվեն բոլոր այն վարձակալական պայմանագրերը, որոնց իրավատերերը խուսափում են օրենքով սահմանված կարգով վարձավճարներ մուծելուց:
Հանդիպման ավարտին Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց համայնքի բնակիչներին հուզող բազմաբնույթ հարցերին:










