Չինաստանում սկսել են վարժեցնել առաջին կլոնավորված ոստիկանական շանը (լուսանկարներ, տեսանյութեր)
Չինաստանում ծառայության անցնելուց առաջ սկսել են վարժեցնել առաջին կլոնավորված ոստիկանական շանը, գրում է Daily Mail-ը:
Կունսյուն անունով 3 ամսական շնիկը ծնվել է դեկտեմբերի վերջին՝ չինական Sinogene Biotechnology ընկերության փորձարարական բազայում: Այն Հուահուանմա անունով 7-ամյա կունմինյան հովվաշան կլոնն է:
Հովվաշունը երկար տարիներ ծառայում է Պուեր քաղաքի ոստիկանությունում և տեղամասի «ամենաարժեքավոր» աշխատակիցն է համարվում: Կենդանին 2016թ.-ին Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից սպանությունների հետաքննություններում ունեցած ավանդի համար շքանշանի է արժանացել:
Հետազոտությունը ցույց է տվել, որ երկու շների ԴՆԹ-ներն 99,9%-ով համընկնում են:
Sinogene Biotechnology ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Չժաո Ցզյանպինի խոսքով՝ կլոնավորման մեթոդը թույլ կտա զգալիորեն կրճատել շների վարժեցման վրա ծախսվող ժամանակը, ինչը սովորաբար 4-5 տարի է տևում, մինչդեռ կլոնավորված շնիկը կարող է ծառայության անցնել 10 ամսական հասակում:
Մասնագետները նշել են, որ ոստիկանական շների «բուծման» տվյալ մեթոդը նախկինի պես մի շարք սահմանափակումներ ունի: Դրանցից է կլոնավորման գինը, որն առայժմ չի հրապարակվում: Մեկ այլ սահմանափակում է մարդկային գործոնը. ուսուցման պայմաններն ու մարզիչը մեծ դեր են խաղում շան վարժեցման համար:
Մասնագետների համաձայն՝ այդ կերպ կենդանիների զանգվածային բուծման մասին խոսելու համար դեռևս վաղ է, սակայն ապագայում առաջնակարգ ծառայողական շների սոմատիկ բջիջների ազգային բանկ ստեղծելու մտադրություններ արդեն կան: Նման բանկի ստեղծման նպատակն այդ նութի պահպանումն ու հետագայում օգտագործումը կլինի:



















