Հյուսիսկորեական միջուկային պոլիգոնից ոչ հեռու երկրաշարժ է տեղի ունեցել
Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևելյան հատվածում՝ Պհունգերի գավառում գտնվող միջուկային պոլիգոնից 1 կմ հեռավորության վրա 2,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է Կորեայի Հանրապետության օդերևութաբանական ծառայությունը:
Ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է այն վայրից 1 կմ հեռավորության վրա, որտեղ անցկացվել էր վերջին՝ վեցերորդ ստորգետնյա միջուկային փորձարկումը:
Մասնագետներն ընդգծել են, որ երկրաշարժն ունեցել է բնական ծագում ու չի եղել ատոմային ռումբի փորձարկման հետևանք:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Պհունգերի գավառի պոլիգոնում միջուկային փորձարկում էր իրականացվել 2017թ. սեպտեմբերին: Անցած տարվա մայիսին հյուսիսկորեական իշխանություններն ինքնակամ ապամիջուկայնացման ծրագրի շրջանակում հայտարարել էին պոլիգոնի ապամոնտաժման մասին:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների ղեկավարները վերջին ինն ամսվա ընթացքում երկու անգամ հանդիպել են՝ քննարկելու հյուսիսկորեական վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցումն ու դրա դիմաց ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը:










