Նոր Զելանդիայի իշխանություններն արգելել են երկրի տարածքում կիսաավտոմատ մարտական զենքերի վաճառքն ու գործածումը

10:18 • 21.03.19

Նոր Զելանդիայի իշխանությունները կիսաավտոմատ մարտական զենքի բոլոր տեսակների վաճառքն ու գործածումն արգելող օրենք են ընդունել, գրում է BBC-ն: Արգելքի մասին քննարկումները սկսվել են Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից 72 ժամ անց:

«Մեր պատմությունն առհավետ փոխվեց: Այժմ օրենքները նույնպես պետք է փոխվեն»,- հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը՝ հավելելով, որ նման զենք կրողների համար դրանք ոստիկանությանը փոխանցելու նպատակով անցումային միջոցներ կձեռնարկվեն:

Արգելքը կտարածվի նաև բաղադրիչներ ու բարձր տարողությամբ փամփուշտներ վաճառող խանութների վրա:

Ոստիկանության նախարար Սթյուարտ Նեշի խոսքով՝ ոստիկանության և անվտանգության ուժերի համար կարող են որոշ բացառություններ լինել: Կփոխվեն նաև կիսաավտոմատ զենք կրելու արտոնագրի տրամադրման պահանջները:

Նախատեսվում է, որ արգելքի մասին օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում մահմեդականների դեմ ուղղված ահաբեկչությունը 50 մարդու կյանք էր խլել: Ահաբեկչության համար ձերբակալված Բրենթոն Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ: