2020-ից Volvo-ն կներդնի վարորդի հոգնածությունը և խմածությունը ցույց տվող տեսախցիկներ
2020 թվականից շվեդական Volvo Cars ընկերության արտադրած բոլոր ավտոմեքենաները կունենան հատուկ տեսախցիկներ, որոնք կհայտնաբերեն և կարձագանքեն վարորդի հոգնածությանը և խմածությանը: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:
Նոր համակարգը գործելու է հետևյալ կերպ. տեսախցիկները վերահսկելու են վարորդի դեմքի արտահայտությունը և ժեստերը: Աննշան շեղումների ժամանակ տեսախցիկները չեն արձագանքի, սակայն եթե վարորդի ուշադրությունը շեղվի ճանապարհից, կմիանա կամ ձայնային ազդանշանը կամ էկրանին կհայտնվի անհրաժեշտ հիշեցումը:
Համակարգն ակտիվ կարձագանքի այն դեպքերում, երբ տեսախցիկը կորոշի, որ վարորդի վարքագիծը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նրա առողջության և կյանքի համար: Օրինակ, եթե վարորդը քնած է ղեկին, ապա ավտոմատ կերպով կմիանան մեքենայի արգելակները, այն դուրս կբերվի ճանապարհից և կանջատվի:










