Telegram-ի օգտատերերն այսուհետ իրենց և զրուցակիցների հաղորդագրությունները ջնջելու հնարավորություն կունենան
Telegram մեսենջերի օգտատերերն այսուհետ հնարավորություն կունենան ամբողջությամբ ջնջելու անձնական նամակագրությունը՝ անկախ դրա վաղեմության ժամկետից, գրում է kommersant.ru-ն՝ մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հայտարարությանը հղումով:
Ավելի վաղ Telegram-ում հնարավոր էր ջնջել միայն սեփական հաղորդագրությունները, ընդ որում՝ ուղարկելուց հետո 48 ժամվա ընթացքում:
Դուրովը մտահոգություն է հայտնել մեսենջերներում չափազանց շատ տեղեկությունների ու հաղորդագրությունների պահպանման առնչությամբ: Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին այդ տեղեկության ծավալը 4 անգամ կաճի:
«Հին հաղորդագրությունները, որոնց մասին դուք վաղուց մոռացել էիք, կարող են կտրվել կոնտեքստից և տարիներ անց օգտագործվել ձեր դեմ»,- պարզաբանել է մեսենջերի հիմնադիրը:
Հաղորդվում է, որ օգտատերերն արդեն կարող են ջնջել ցանկացած հաղորդագրություն՝ անկախ նրանից, թե ով և երբ է դրանք ուղարկել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ջնջել ամբողջ երկխոսությունը:










