Եվրամիությունը կպարտավորեցնի ավտոարտադրողներին մեքենաները համալրել «սև արկղերով»

18:21 • 26.03.19

Եվրամիությունում 2022 թվականից ավտոարտադրողները պետք է ԵՄ տարածքում վաճառվող ավտոմեքենաները համալրեն «սև արկղերով» և մեքենան երթևեկության իր շարքում պահելու ավտոմատ համակարգերով: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի մամլո հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդվում է, ԵՄ ինստիտուտները նախնական համաձայնագիր են կնքել ճանապարհային երթևեկության անվտանգության ընդհանուր կանոնների վերանայման վերաբերյալ: 2022 թվականին անվտանգության նոր տեխնոլոգիաները պարտադիր կդառնան եվրոպական տրանսպորտային միջոցների համար, ինչը կոչված է պաշտպանելու ուղևորների, հետիոտնի և հեծանվորդների կյանքը:  

Նշվում է, որ ինքնագրիչ սարքերը, որոնց տեղեկությունը հնարավոր կլինի օգտագործել ավտովթարների պատճառները պարզելու համար, ինչպես նաև համակարգերը, որոնք գրանցում են, թե որքան ուշադիր է վարորդը հետևում ճանապարհին, պարտադիր կդառնան բոլոր տրանսպորտային միջոցների՝ ավտոբուսների, բեռնասայլերի, բեռնատարների, մարդատար ավտոմեքենաների համար:

Բացի այդ, մարդատարներում և բեռնասայլերում կտեղադրվեն շարքի պահպանման, արտակարգ արգելակման համակարգեր և կատարելագործված անվտանգության գոտիներ: Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ նման քայլերը կօգնեն մինչև 2038 թվականը խուսափել առնվազն 140 000 ծանր վնասվածքներից և փրկել ավելի քան 25 000 կյանք:

Ենթադրվում է, որ հետագայում համաձայնեցված որոշումը կներկայացվի Եվրախորհրդարանի քվեարկությանը, այնուհետև ԵՄ խորհրդի հաստատմանը:

 

Եվրամիությունը կպարտավորեցնի ավտոարտադրողներին մեքենաները համալրել «սև արկղերով»