Վարչապետը մասնակցել է «Սամբիել» պանրի գործարանի բացմանը (տեսանյութ)
Մարտի 26-ին շահագործման հանձնվեց «Սամբիել» պանրի գործարանը, որն արտադրելու է կապույտ և սպիտակ բորբոսով պանիրներ։
Գործարանի բացմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կառավարության այլ ներկայացուցիչներ։
Բորբոսով պանրի գործարանը հագեցած է գերմանական և հոլանդական նորագույն տեխնոլոգիաներով: Պանրի գործարանում ներդրվել է ավելի քան 15 միլիոն դոլար, որի շնորհիվ կապահովվի ավելի քան 120 մշտական աշխատատեղ:
«Տարբեր մարզերից ընկերությունը տարեկան մթերելու է ավելի քան 20 միլիոն լիտր կաթ, որի համար սահմանվել է շուկայականից բարձր գին՝ 190 դրամ 1 լիտր 3.6 տոկոս յուղայնությամբ կաթի համար: Կաթի որակի բարձր չափանիշների պահպանման համար մեզ հետ աշխատող ֆերմերներին տրամադրվելու են կթի սարքավորումներ և սառնարաններ, ինչը նոր մակարդակի է բարձրացնելու կաթնարտադրությունը Հայաստանում»,- ասաց ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ «Սամբիել» ապրանքանիշով պանրի տարեկան արտադրությունը կկազմի ավելի քան 2000 տոննա։ Արտադրանքը սպառվելու է Հայաստանում, ԵԱՏՄ և Մերձավոր Արևելքի երկրներում։
Երկրորդ փուլում այս գործարանի հարևանությամբ ընկերությունը նախատեսում է կառուցել լրացուցիչ 2-րդ գործարանը կիսաչոր և չոր պանիրների տեսականու համար, ինչի նպատակով համատեղ ներդրումներ են նախատեսվում հոլանդական ներդրող ընկերության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։










