ՆԱՍԱ-ն հանդերձանքի բացակայության պատճառով չեղարկել է միայն կին տիեզերագնացների մասնակցությամբ աննախադեպ առաքելությունը
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) չեղարկել է կին տիեզերագնացների բաց տիեզերք դուրս գալը՝ պատճառաբանելով, որ գործակալությունը նրանց համար ճիշտ չափսի տիեզերական հանդերձանք չունի:
Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ ՆԱՍԱ-ն հայտարարել էր, որ Քրիստինա Կոխն ու Էն ՄքՔլեյնը կմասնակցեն աննախադեպ առաքելության, որը պետք է իրականացվեր մարտի 29-ին. կանայք պետք է դուրս գային Միջազգային տիեզերակայանից ու դրսի կողմից դրա վրա նոր մարտկոցներ տեղադրեին: Առաքելությունն աննախադեպ էր լինելու նրանով, որ նախկինում այդ գործն իրականացրել են միայն տղամարդիկ կամ կին-տղամարդ տիեզերագնացների զույգը: Առաջին անգամ մարտկոցները պետք է միայն կանայք փոխեին:
Այժմ ՆԱՍԱ-ն հայտնել է, որ իր ծրագրերը փոխվել են հանդերձանքի անբավարարության պատճառով:
Մարդկության պատմության մեջ առաջին կինը, որը բաց տիեզերք է դուրս եկել, խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան էր:
Առ այսօր ավելի քան 500 մարդ է տիեզերքում եղել. կանայք կազմում են նրանց 11%-ը:










