Իսրայելական լուսնագնացը թռիչքի ժամանակ տեսանկարել է արևածագը (տեսանյութ)

13:52 • 27.03.19

Դեպի Լուսին արձակված իսրայելական առաջին արբանյակը, որը պատրաստվում է ապրիլին վայրէջք կատարել Երկրի բնական արբանյակի վրա, տիեզերական ճամփորդության ընթացքում տեսանկարել է արևածագը:

Ինչպես նշում է ria.ru-ն, SpaceIL մասնավոր ընկերությանը պատկանող «Բերեշիթ» սարքը ֆիքսել է՝ ինչպես է Արևը ծագում և լույսի բարակ շերտով եզրագծում մոլորակի մի մասը:

«Բերեշիթ»-ի առաքելության հաջող ընթացքի դեպքում, Իսրայելը կդառնա աշխարհում չորրորդ պետությունը, որի արձակած սարքին հաջողվել է Երկրից կառավարվող վայրէջք կատարել մոլորակի բնական արբանյակի մակերևույթին:

Նախատեսված է, որ սարքը վերջնակետին կհասնի ապրիլի կեսին: Վայրէջքից հետո «Բերեշիթ»-ն իր գործիքներով կլուսանկարի տեղանքը, կչափի Լուսնի մագնիսական դաշտը:

Լուսնային կարճատև առաքելության ավարտին մասնագետները կանջատեն սարքն ու «Բերեշիթ»-ին կթողնեն Լուսնի վրա:

Առայժմ միայն երեք երկրի է հաջողվել իրենց սարքերն իջեցնել Լուսնի մակերևույթին: Այդ երկրներն են՝ ԱՄՆ-ն, ԽՍՀՄ-ն ու Չինաստանը:

 

 

Իսրայելական լուսնագնացը թռիչքի ժամանակ տեսանկարել է արևածագը (տեսանյութ)