Ապրիլի 24-ին Թուրքիայի հայ համայնքը միջոցառում չի նախատեսելու, զգուշավորություն ու վախ կա․ Բագրատ Էստուկյան
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, Ստամբուլում միջոցառումներ են նախատեսել մի շարք թուրքական կազմակերպություններ, հայ համայնքը նախաձեռնություններով հանդես չի գա: Tert.am-ին այս մասին հայտնեց Թուրքիայում հրապարակվող «Ակոս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:
«Մի քանի թուրքական կազմակերպություններ են, որ այս ուղղությամբ են աշխատում վերջին տարիներին: Դրանցից մեկը «Մարդու իրավունքների միությունն է», թուրքական հասարակական կազմակերպություն է, որն ամեն տարի ապրիլի 24-ին քաղաքի նախկին ոստիկանատան առջև հիշատակման միջոցառում է կազմակերպում: Դա ոստիկանության այն շենքն է, որտեղից հայերին ուղարկել են աքսորի ճանապարհներ: Ոստիկանական այդ շենքն այսօր թանգարանի է վերածվել»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանի ներկայացրածի համաձայն՝ ոստիկանատան առջևի միջացառումը տեղի է ունենալու ցերեկվա ժամերին՝ 11-12-ը, իսկ երեկոյան 7-ին՝ մամուլի համար հայտարարություն է լինելու:
«Այս տարի այդ հայտարարությունն ավելի հեռու թաղամասում է տեղի ունենալու: Նախկինում այն կազմակերպվում էր քաղաքի սրտում՝ կենտրոնում, բայց տարիների ընթացքում տեղն աստիճանաբար հեռացավ: Հիմա արդեն ծայրամասում է կազմակերպվում, և մարդկանց մասնակցությունն էլ միջոցառմանը քչացավ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ այդ միջոցառումներին մասնակցողները հիմնականում թուրքերն էին, տեղի հայերը փոքրամասնություն են կազմում նրանց շարքում: «Հայերի զգուշության կամ անտարբերության պատճառով է, որ մասնակցությունը քիչ է: Եթե, օրինակ, 1000 հոգի է հավաքված, նրանց մեջ հայերի թիվը 100-ը չի կազմում: Այս տարի էլ բացառություն չի լինի, անգամ սպասում են, որ մասնակիցների թիվն ավելի նվազ կլինի»,- ասաց նա:
Ըստ Բագրատ Էստուկյանի՝ ապրիլի 24-ին հայ համայնքն առանձին նախաձեռնությամբ հանդես չի գալու․ հնարավոր է՝ առանձին անձիք գնան հայկական գերեզմանատուն, խնկարկեն, խոնարհվեն զոհերի հիշատակին:
«Ավելին չի լինի: Եվ դա 100 տարի առաջվանը մոռանալու խնդիր չէ, այլ երկրի դաժան քաղաքականությունը չմոռանալու խնդիր է: Զգուշավորություն ու վախ կա: Թուրքիայի հայերն էլ աշխարհասփյուռ հայերի նման չեն մոռացել 100 տարի առաջվա պատահածը: Ամեն ընտանիք իր զոհերն ունի, հիշում է իր պատմությունը, բայց Թուրքիայի հայերը ավելի զգույշ լինելու սովորություն ունեն: Թուրքիայի Հանրապետությունը 96 տարվա պատմություն ունի, և պետության քաղաքականությունը ուրանալու և ժխտելու վրա է հիմնված: Հետևաբար` տեղի հայերը չունեն համաձայնություն զանգվածային միջոցառումներ իրականացնելու»,- ասաց նա:
Բագրատ Էստուկյանը, գնահատելով Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ Թուրքիայի իմացության մակարդակը, նկատեց, որ վերջին տարիներին անտեսելու ձգտում կա:
«Բայց դրա հետ մեկտեղ այս ընթացքում Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրատարակություններ եղան: Ահագին նոր գրքեր հրատարակվեցին: Նույնիսկ կարելի է ասել, որ Հայոց ցեղասպանության մասին այդքան գրքեր Հայաստանում չի հրատարակվել․ թե՛ թուրք հեղինակների գործեր կան, թե՛ հայ հեղինակների թարգմանություններ կան»,- ասաց նա՝ դա պայմանավորելով այդ հանգամանքով, Թուրքիայում մտավորական մի խավ կա, որն այլևս չի համոզվում պետության պաշտոնական տեսության հետ և ցանկանում է իրականությունը տեսնել:
Դիտարկմանը, թե Ստամբուլում իշխանության փոփոխությունը, քեմալականների իշխանության գալը, ի՞նչ փոփոխություններ կարող է բերել ազգային փոքրամասնությունների համար, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․
«Պետք է հաշվի առնել, որ ամեն դեպքում երկրի ղեկավարման ղեկը նրանց ձեռքին չէ: Նրանք քաղաքային իշխանություն են և, դրանով պայմանավորված, փոքր-ինչ դեմոկրատական մոտեցումներով են շարժվում: Հետևաբար` որոշ դրական տեղաշարժեր սպասել կարելի է: Ավելի դրական սպասումներ կարող էինք ունենալ ձախակողմյան ուժերի հաղթանակի դեպքում, ոչ թե քեմալականներից»,- ասաց նա:
Մեկ այլ դիտարկմանը, թե հնարավոր է, որ այս տարի էլ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես գա հայտարարությամբ, Բագրատ Էստուկյանը պատասխանեց․
«Ակնկալվում է, որ այս տարի էլ Էրդողանը ելույթ կունենա: Այդ սովորությունը կա Հայոց ցեղասպանության հարյուրամյակից: Այդ ժամանակ Էրդողանը հիշեց 100 տարի առաջ զոհվածներին, ցավակցություն հայտնեց՝ առանց, իհարկե, «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործելու»,- ասաց նա:










