Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք. Հայկ Մարության
Մաքուր Երևան պարտադիր լինելու է, և մենք դրա ճանապարհին ենք: Երևանի ավագանու այսօրվա նիստի ընդմիջմանը հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք խնդրին տալիս ենք համալիր լուծումներ: «Սանիթեքին» սկզբում ասվել էր, որ եթե դուք ապահովեք ձեր բնականոն աշխատանքը և ապահովեք Երևանի մաքրությունը, մենք միայն ուրախ կլինենք, բայց տեսանք, որ իրենք թերանում են: Դրա համար ձեռնարկում ենք այն միջոցառումները, որը դուք տեսնում եք»,- նշեց քաղաքապետը:
Ավագանու այսօրվա նիստում ընդգրկված է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին հարցը:
Հարցին, թե «Սանիթեք» ընկերությանը 13 մլն դրամ տուգանելուց հետո աշխատանքներն ինչպես են ընթանում, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ընդհանրապես, ընկերության աշխատանքից գոհ չեմ, բայց համեմատության մեջ մի փոքր լավացել է տուգանելուց հետո»:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների դժգոհություններին, որ աղբատար մեքենաների ձեռքբերման մասին իրենք տեղեկացված չեն եղել, Հայկ Մարությանը նշեց. «Մրցույթը հայտարարված էր 2 ամիս առաջ, բոլորը դրա մասին տեղյակ են, ոչ միայն ավագանու անդամները, այլևս ամբողջ հայությունը տեղյակ է դրա մասին»:
Քաղաքապետի խոսքով՝ բոլորը պետք է իմանան իրենց իրավունքները՝ թե´ ավագանու անդամները, թե´ քաղաքապետարանի աշխատակազմը, թե´ քաղաքապետը. «Քաղաքապետարանը պարտավորություն չունի ամեն ինչի մասին տեղյակ պահել: Նրանք բոլորը կարող են յուրաքանչյուր տիպի գրավոր հարց ուղղել մեզ և ստանալ պատասխան, ինչը մինչև այսօր արվել է»,- ասաց նա:
Հայկ Մարությանը վստահեցնում է, որ որևէ տարբերակում չկա և չի էլ եղել ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների միջև:










