Ամերիկացի երիտասարդը թյուրիմացաբար ձերբակալվելու համար Apple-ից 1 մլրդ դոլարի չափով փոխհատուցում է պահանջում

17:57 • 23.04.19

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի բնակիչ Ուսման Բահն Apple ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել են սեփական տանը՝ ընկերության ֆիրմային խանութներից մի շարք գողությունների մեղադրանքով, գրում է ZDNet-ը:

Հետագայում պարզվել է, որ 18-ամյա երիտասարդն անմեղ է, իսկ թյուրիմացության պատճառը խանութներում դեմքերի ճանաչման համակարգի սխալն է եղել, որն իրեն հանցագործի տեղ է դրել:

Հարթակի տվյալներով՝ երիտասարդի ձերբակալության հրամանի մեջ լուսանկարներ են եղել: Բահը խոստովանել է, որ դրանցում պատկերված տղամարդը նման է իրեն, սակայն գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երիտասարդը մասնակցելիս է եղել իր ավարտական երեկոյին:

Բահը հայտնել է վարորդական իրավունքը կորցնելու մասին, ինչը միանգամայն հավանական է դարձնում այն, որ գողը կարող էր օգտագործել փաստաթուղթը խանութում անձը հաստատելու համար:

Այժմ երիտասարդն ընկերությունից 1 մլրդ դոլարի չափով փոխհատուցում է պահանջում: