ՊԵԿ-ում կստեղծվի աշխատանքային խումբ՝ քննարկելու ավտոներկրողների խնդիրները. Տիգրան Հովհաննիսյան (տեսանյութ)

18:00 • 23.04.19

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ քննարկելու ավտոներկրողների խնդիրները: ՊԵԿ նախագահի և ավտոներկրողների միջև հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքային խմբում ընդգրկված են լինելու ՊԵԿ նախագահի տեղակալները և ավտոներկրողները:

«Հարցեր կային, որ ՊԵԿ նախագահն էլ չկարողացավ պատասխանել, քննարկում է պետք դրանց համար: Խնդիրները շատ տարբեր են՝ մաքսայինի, հսկիչ գների, առք ու վաճառքի հարկերի հետ կապված: Առ այսօր շատ հանդիպումներ ենք ունեցել, բայց խնդիրներին լուծում չի տրվել, գալիս, հասնում է փողոցային պայքարի: Հիմա հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի: Հիմա կենաց պետք չէ ասել պարոն Անանյանի մասին, կարևոր է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որ խնդիրներն առաջ տանենք: Գոհ գնում ենք այսօր, տեսնենք՝ ինչ կստացվի»,- հայտնեց Տիգրան Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ներկրողները երկրորդ մեքենայի վաճառքի 20 տոկոս հարկ չվճարելու համար չեն տուգանվի, մինչև օրենքն ուժի մեջ մտնի: Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է 2-րդ մեքենայի վաճառքի 20 տոկոս հարկի փոխարեն սահմանել 1 տոկոս:

«Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ոչ մի տուգանք չի լինելու: Հետադարձ ուժ կունենա օրենքը և տուգանքների հարցը կլուծվի, մինչև 2018 թ.-ի հուլիսի 1-ը հետադարձ ուժով կկիրառվի, բոլոր տուգանքները կզորայանան»,- նշեցին ավտոներկրողները:

Ավտոմաքսատանը հերթերի վերաբերյալ հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահն խոստացել է, որ պատահական այցեր կլինեն՝ ստուգելու համար մաքստանը տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին ավտոներկրողները բողոքի ակցիան էին իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի մոտ՝ պահանջելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը: Որոշ ժամանակ անց ավտոներկրողներին ընդունեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: