ԻՊ-ը ստանձնել է Շրի Լանկայում 321 մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունների պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 321-ի:
Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչություններն իրականացվել են Շրի Լանկայում գործող National Thowfeek Jamaath գրոհայինների խմբի կողմից: Բոլոր պայթյուններն իրականացրել են Շրի Լանկայի քաղաքացի հանդիսացող մահապարտներ, սակայն իշխանությունները չեն բացառել նաև օտարերկրյա կապերի առկայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 40 կասկածյալի:












