Ստեղծում ենք ծանրաշարժ մեքենա, որը ճգնաժամային կառավարման համար նախատեսված չէ. Դ. Խաժակյանը՝ աղբահանության հիմնարկ ստեղծելու մասին

17:33 • 23.04.19

Երևանի ավագանու նիստին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու հարցի քննարկման ժամանակ այսօր ելույթ ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ առաջարկվող կարգավորումներն իսկապես շատ բարդ են:

Նա օրինակ բերեց այն, որ բյուջետային հիմնարկը հաստատելուց հետո մեկ նիստ էլ պետք է անեն, որպեսզի հաստատեն աշխատակազմը, այնուհետև՝ նախահիշվը, հետո՝ փոփոխությունները:

«Ես կարծում եմ, որ մենք ստեղծում ենք մի ծանրաշարժ մեքենա, որն ամենևին ճգնաժամային կառավարման համար նախատեսված չէ: Ծանր է լինելու սա աշխատեցնելը, և մեր բոլոր հարցերն ուղղված են նրան, թե վերջնական լուծումն ինչպես եք պատկերացնում և գոնե հիմա տեսլականը պետք է հնչեցված լինեն»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ կա հստակ խնդիր՝ կենցաղային և ոչ կենցաղային աղբի տարանջատման հարցը չի կարգավորել: ««Սանիթեքը», գիտենք, մի քանի հարյուր հազար աշխատավարձ է տալիս իր աշխատողներին, կարողանալո՞ւ ենք սա ապահովել, հաշվարկներ կա՞ն»,- իր մտահոգությունը բարձրացրեց ավագանու անդամը:

Հայկ Մարությանը նշեց, որ շատ կառուցողական ելույթ էր և բոլոր բարձրացված հարցերն իսկապես կան: Դավիթ Խաժակյանն առաջարկեց աղբահանության խնդիրը լուծելու համար երկրորդ օպերատորի մրցույթ հայտարարել։ Հայկ Մարությանն էլ ասաց, որ չեն կարող անել, քանի որ իրավական հիմքեր դրա համար չկան:

Ի վերջո, քննարկումից հետո, ավագանին նախագիծն ընդունեց միաձայն: