Համացանցում տեսանյութ է հրապարակվել Վլադիվոստոկում «Կիմ Չեն Ընի ավտոշարասյան» մասնակցությամբ

19:31 • 23.04.19

Հարավկորեական KBS հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում, ենթադրաբար, պատկերված են հյուսիսկորեական պատվիրակության ավտոմեքենաները, որոնք Վլադիվոստոկ են ուղարկվել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի ժամանմանն ընդառաջ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, կադրում հայտնվել են Maybach, Mercedes-Benz S-դասի մակնիշի սև գույնի մեքենաներ: Նման մակնիշի մեքենաներ ընդգրկված են եղել Հյուսիսային Կորեայի ղեկավարի ավտոշարասյան կազմում Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:

Լրագրողները հետևել են Հեռավոր Արևելյան դաշնային համալսարանի կողմն ընթացող մեքենաներին: Աղբյուրի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև բանակցությունները կանցկացվեն ուսումնական հաստատության շենքերից մեկում:

Տեղի թերթերից մեկի հաղորդմամբ՝ ԿԺԴՀ ղեկավարի քույրը՝ Կիմ Յոն Չժոնն, արդեն ժամանել է Վլադիվոստոկ՝ գագաթնաժողովի նախապատրաստման համար: