Ընդհանուր առմամբ, ռուսական հեռուստաալիքներում հայաստանյան թեմայի լուսաբանումը ոչ մի կերպ չի կարելի հակահայկական անվանել․ ՌԴ դեսպան
Կարծում եմ այսօրվա իրադարձությունը համախմբող նշանակություն ունի, որը խորհրդանշում է մեր ազգերին միավորող բարեկամությունը, եղբայրությունը․ ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Հարցին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպե՞ս է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Ռուսաստանի ղեկավարությունը միանշանակ գնահատականներ է տալիս երկու երկրների հարաբերություններին։ Մեր հարաբերություններն ամուր հիմք ունեն և միտված են ապագային, և ես վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ու մեր երկրների ղեկավարությունները լիարժեք գիտակցում են, որ մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին»,- ասաց նա։
ՌԴ դեսպանը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթում սպասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան, որտեղ նա կմասնակցի ԵԱՏՄ միջխորհրդարանական նիստին։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումներին, դեսպանն ասաց, որ դրանք պարբերական բնույթ են կրում և նման հանդիպումների պլաններ կան։
Սերգեյ Կոպիրկինը նաև խոսեց այն մասին, որ ԱԺ–ում հարց է բարձրացվել, որ կան ՀՀ–ում գործող ռուսական որոշ հեռուստաալիքներ, որոնք հակահայկական հռետորաբանություն ունեն և որ պետք է փակել այդ ալիքները ՀՀ տարածքում:
«Ես չեմ կարող ասել, որ ես հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, որ հակահայկական հռետորաբանություն կա այնտեղ: Կարող են արտահայտվել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք այն մարդկանց գնահատականներն են, որոնք դա արտահայտում են, բայց ընդհանուր առմամբ, ռուսական հեռուստաալիքներում հայաստանյան թեմայի լուսաբանումը ոչ մի կերպ չի կարելի հակահայկական անվանել»,- ասաց նա և հավելեց, որ Հայաստանի և հայերի նկատմամբ ռուս ժողովրդի վերաբերմունքն ավանդաբար շատ դրական է:
Հարցին՝ այդ դեպքում պատգամավորները սխալվո՞ւմ են՝ դեսպանը պատասխանեց, որ հարցը պետք է ուղղել պատգամավորներին, նրանք արտահայտվելու ազատություն ունեն և կարող են տալ այնպիսի գնահատական, որը հարմար են գտնում:
Հարցին՝ նոր Հայաստանում նկատե՞լ է որևէ փոփոխություն հայ-ռուսական հարաբերություններում, դեսպանը պատասխանեց. «Հիմնականում մեր հարաբերությունները նույնն են և դրանք համապատասխանում են երկու կողմերից հնչող հայտարարություններին, որ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն»:










