Երկրորդ մեքենայի վաճառքի համար ծանուցում չեն ուղարկի ձեզ, մինչև Հարկային օրենսգրքի նախագիծն ընդունվի. Դավիթ Անանյանն ընդունել է բողոքի ակցիա անող ավտոներկրողներին
Ավտոներկրողները բողոքի ակցիան են իրականացնում Պետական եկամուտների կոմիտեի մոտ՝ պահանջելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը:
«Մենք երկու շաբաթ առաջ հանդիպել ենք բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, խոսել ենք այն մասին, որ տուգանքներ չեն գալիս բոլոր նրանց, ովքեր վարչական տուգանքներ են ստանում երկրորդ մեքենայի վաճառքի համար, արդեն վեց ամիս է այդ հարցը բարձրացնում ենք: Մենք տեղեկացանք, որ կառավարությունում վարչապետը մարտի 7-ին որոշում է կայացրել, որ 20 տոկոս դրույքաչափը իջեցնեն 1 տոկոսի չափով և նվազագույնը վճարել 1 ձիաուժի համար»,– ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նա նաև նշեց, որ ավտոներկրողներն արդեն 27 տարի է՝ ցանկացել են աշխատել հարկային դաշտում։ «Ստեղծել ենք «Ավտոներկրող» ՍՊԸ և բոլոր մարզերում ենք ստեղծել դա և այդտեղ սկսել են անտեղի ստուգումներ, քանի որ այդ ընկերությունը, որ վարորդները 3000-4000 վարորդ մեկ ընկերության մեջ են, նման օրինակ ՀՀ-ում գոյություն չունի, և Հարկային օրենսգրքով պետք է ամրագրենք դրա օրինակը, որպեսզի մարդիկ աշխատեն հարկային դաշտում»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը:
Բողոքի ակցիայի ընթացքում ՊԵԿ աշխատակիցն ասաց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատրաստ է հինգ մարդու ընդունել, սակայն ցուցարարները չհամաձայնեցին՝ նշելով, որ պետք է լսի բոլորի կարծիքը:
Որոշ ժամանակ անց ավտոներկրողներին ընդունեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ում Տիգրան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխությունից հետո ծանուցում են ստանում երկրորդ մեքենայի վաճառքի համար։
«Ինձ թվում է դուք ինֆորմացիայի պակաս ունեք: Ծանուցումը նշանակում է, որ ժողովուրդ, դուք մեքենա եք վաճառել կամ օտարել, հիշեք, որ այդ հարկը պետք է տաք: Քանի դեռ օրենքը չի փոխվել, վարչարարություն իրականացնող մարմինն օրենքի տառին համապատասխան պարտավոր է այդ ծանուցումն ուղարկել: Ծանուցում ուղարկելը տուգանքներ հաշվարկելու հետ բացարձակ կապ չունի, որովհետև մենք չեն կարող որևէ տուգանք հիմա հաշվարկել, որովհետև դուք եկամուտ չեք հայտարարագրել: Մյուսը, նախորդ քննարկման ժամանակ Ձեր ուղղած փոփոխությունները Հարկային օրենսգրքի փոփոխության նախագծով գնացել է Ազգային ժողով»,-ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը հարցեց՝ դուք եկե՞լ եք վարչարարություն իրականացնող մարմնի ղեկավարին ասում եք՝ ես հարկ չմուծեմ.«Ուզում եք մուծեք, ուզում եք, չէ, եթե հիմա մուծեք, ու օրենքն ընդունվի, ես Ձեր մուծածը հետ եմ տալու: Լավ, հիմա ծանուցագիր ստանալու հետ կապված. ես պատասխանատվություն եմ վերցնում իմ վրա և կասեմ , որ ծանուցումներ չուղարկեն, նորմա՞լ է: Ես կասեմ՝ մի՛ ուղարկեք, այդ մարդիկ նեղվում են, Հարկային օրենսգրքում փոփոխությունն էլ Ազգային ժողովում է»,- ասաց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահի մոտ քննարկումը շարունակվում է, ավտոներկրողները բարձրաձայնում են նաև ավտոմաքսատան հերթերի մասին:










