Շրի Լանկայում տեսախցիկը ֆիքսել է ահաբեկչության ենթադրյալ իրականացնողին (տեսանյութ)
Sky News hեռուստաալիքը հրապարակել է տեսահսկման համակարգի տեսախցիկների արձանագրած տեսագրությունը, որում ներկայացված է ապրիլի 21-ին Շրի Լանկայում արյունալի ահաբեկչությունների շարքի ենթադրյալ իրագործողներից մեկը:
Տեսագրությունն արվել է Սուրբ Սեբաստիան եկեղեցու տարածքում՝ պայթյունից մի քանի վայրկյան առաջ:
Դրանում երևում է՝ ինչպես է մեծ ուսապարկով երիտասարդը դեպի եկեղեցի քայլում: Երբ նա մտնում է շինություն, տեսագրությունն ընդհատվում է:
CCTV footage has emerged of a suspected suicide bomber entering St Sebastian's Church in Sri Lanka moments before an explosion.
— Sky News (@SkyNews) April 23, 2019
More on this footage here: https://t.co/1bAcNa0LbH pic.twitter.com/aZgzgooqxI
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած և 321 մարդու կյանք խլած պայթյունների շարքի իրականացման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ խմբավորումն իր պատասխանատվության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ահաբեկչություններն իրականացվել են Շրի Լանկայում գործող National Thowfeek Jamaath գրոհայինների խմբի կողմից: Բոլոր պայթյուններն իրականացրել են Շրի Լանկայի քաղաքացի հանդիսացող մահապարտներ, սակայն իշխանությունները չեն բացառել նաև օտարերկրյա կապերի առկայությունը:
Անցած կիրակի Շրի Լանկայում Սուրբ Հարության տոնի տոնակատարությունների ժամանակ ութ պայթյուն է որոտացել: Դրանցից առաջին վեցը տեղի են ունեցել Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքների երեք տաճարում և հյուրանոցներում: Յոթերորդ պայթյունը տեղի է ունեցել կղզու արևմտյան հատվածում, իսկ ութերորդը՝ երկրի մայրաքաղաքի արվարձաններից մեկի բնակելի համալիրում: Եվս մի ռումբ վնասազերծել են իրավապահները: Հարձակման գլխավոր թիրախը տեղի քրիստոնյաներն են եղել: Ոստիկանությունը ձերբակալել է 40 կասկածյալի:










