ԱՄՆ-ում կինը, որի ձեռքը մնացել է մետրոյի գնացքի դռների արանքում, ընթացքի մեջ գտնվող գնացքի տակ է ընկել (տեսանյութ)

15:32 • 23.04.19

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի մետրոպոլիտենում գնացքը քարշ է տվել վագոն մտնել փորձող կնոջը, մինչև վերջինս գնացքի տակ է հայտնվել, գրում է Daily Mail-ը:

Անվտանգության տեսախցիկի արձանագրած տեսանյութում երևում է, թե ինչպես է տարեց կինն իջնում կայարանի շարժասանդուղքով և փորձում հասնել գնացքին, սակայն վագոնի դռները փակվում են, և գնացքի շարժվելուց վայրկյաններ առաջ կնոջ ձեռքը մնում է դռների արանքում:  

Այդ պահին կնոջն է մոտենում մետրոպոլիտենի աշխատակիցը: Վերջինս փորձում է գնացքավարին զգուշացնել կնոջ մասին, սակայն գնացքավարը, ըստ երևույթին, չի նկատում, և գնացքը շարժվում է՝ կնոջը մի քանի վայրկյան քարշ տալով, որից հետո վերջինս ընկնում է ընթացքի մեջ գտնվող գնացքի տակ:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 12-ին: Հաղորդվում է, որ կինը հրաշքով ողջ է մնացել: Նրան օգնության շտապած ականատեսների խոսքով՝ կինն անգիտակից է եղել, նրա ճակատին մեծ վերք է եղել:

Կնոջը շտապ տեղափոխել են Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: