Զարմանալի է` լինելով ոստիկանության նախկին աշխատող` շատ սխալ կադրային քաղաքականություն եք վարում. ԲՀԿ խմբակցության անդամը` Ավանի թաղապետին
Այսօր Երևանի ավագանու հերթական նիստին հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը հայտնեց, որ Ավան վարչական շրջանի ղեկավար տեղակալ Դավիթ Պողոսյանը, ըստ Դատալեքսի, ունի դատվածություն:
«Զարմանալի է, պարո՛ն Դանիելյան, լինելով ոստիկանության նախկին աշխատող՝ ցավոք, շատ սխալ կադրային քաղաքականություն եք վարում: Դավիթ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով և չորս տարի ժամկետով դատապարտվել ազատազրկման»,-հայտնեց նա:
Մինչ կարձագանքեր Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ կադրային քաղաքականությունը իրենք են որոշում և կոչ արեց որակումներից զերծ մնալ: «Դուք չեք որոշում՝ սխալ կադրային քաղաքականություն է, թե ոչ»,-ասաց նա:
«Մի տեղեկալը մարդ է ծեծում, մի տեղակալը կատարել է հանցանք, ինչպե՞ս կարող ենք անվանակոչել, եթե ոչ սխալ քաղաքականություն»,-արձագանքեց Միքայել Մանրիկյանը:
Ի վերջո, Արա Դանիելյանը նշեց, որ Դավիթ Պողոսյանի նշանակումը օրենքի սահմաններում է, դատվածությունը հանված է: «Ներկայումս բացի այն, որ նա տեղակալ է աշխատում, ԵՊՀ տնտեսագիտության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի հայցվոր է, աշխատել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, ավարտել է Բժշկական համալսարան, շատ գոհ եմ իր աշխատանքից»,-ասաց նա:
Միքայել Մանրիկյանը արձագանքեց, որ բարձրագույն ուսուցմամբ ցմահ դատապարտյալներ էլ կան, և ըստ նրա` այս պաշտոնը բարձր է Դավիթ Պողոսյանի համար:










