Շարժական անունը մի քիչ զավեշտալի է, ամեն ինչ կարող ենք անվանել, բայց ոչ շարժական. Հայկ Մարությանը`շրջիկ առևտրի մասին

19:06 • 23.04.19

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը այսօր ավագանու հերթական նիստին հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց շրջիկ առևտրի հետ կապված խնդիրը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այդ տնտեսվարողներին հորդորում են զերծ մնալ այդ գործունեությունից, մինչև օրենքը չկարգավորվի: «Այլ դեպքում մենք բոլոր օրինական լծակներով պայքարելու ենք դրա դեմ»,-ասաց նա:

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշեց, որ համապատասխան կառույցներին հորդորել են վերականգնել օրենքը: «45-46 ապօրինի աշխատող սուբյեկտներ կան, որոնց հենց անձամբ ՀԷՑ-ն է ստուգել, ինչ-որ փաստաթուղթ են ունեցել, բայց ՀԷՑ-ը նայել և ասել է, որ ապօրինի է, և իրենք են ապամոնտաժել, մենք ընդհանրապես գործառույթ չենք արել»,-ասաց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ շարժական անունը զավեշտալի է մի քիչ, քանի որ ընդհանրապես շարժական չեն: «Լավ էլ տեղում մնացած, արմատավորված են: Ես սա որակում եմ որպես կրպակ ավտոկայանատեղիի մասում, ուղղակի ապօրինի շինություն, կրպակ, ամեն ինչ կարող ենք անվանել, բայց ոչ շարժական»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր շարժական սրճարանների միության սեփականատերեր Արեն Մելիքյանը, Հրաչ Դավթյանը մամուլի ասուլիսին ասել են, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ն անօրինական հոսանքազրկել են բոլոր շարժական առևտրի կետերը, ինչի հետևանքով չեն կարողանում աշխատել, սնունդը փչացել է, աշխատողները մնացել են առանց աշխատանքի: