Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կլինի շատ վտանգավոր նախադեպ, պետք է զգույշ գործել․ Գ․ Հարությունյանը՝ Ցեղասպանության ճանաչման մասին

13:10 • 24.04.19

Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, որոնց մեջ մտնում են նաև արխիվային ուսումնասիրություններ, փաստեր, որովհետև իրավունքը էմոցիա չի սիրում, պետք է հստակ փաստեր լինեն։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Պետք է լինեն հստակ փաստեր, փաստարկներ, այդ թվում՝ սեփականության իրավունքի հետ կապված։ Կան սեփականության իրավունքի տարբեր ասպեկտներ՝ անհատի սեփականության իրավունք, հավաքական սեփականության իրավունք: Այդ ուսումնասիրության զգալի մասը վերաբերում է նաև սեփականության իրավունքին»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ ու հստակեցնել, թե ինչ փաստաթղթեր, ինչ հիմքեր, ինչ հիմնավորումներ կան և ինչպես պետք է բարձրացնել հարցը։

«Ով է համարվելու իրավահաջորդ և ինչպես է բարձրացվելու այդ հարցը, որպեսզի հնարավոր հետագա լուծումները կանխատեսելի լինեն։ Ցանկացած քայլ, որը կարող է բերել հնարավոր ձախողման, կլինի շատ վտանգավոր նախադեպ: Այստեղ պետք է զգույշ գործել»,- շարունակեց  ԲԴԽ նախագահը։