Քնեսեթի անդամներն Իսրայելին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Քնեսեթի անդամները կոչ են արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը:
«Ժամանակը եկել է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի ցեղասպանությունը և վերջ դնի թուրքական ճնշումներին ենթարկվելուն», - ասել է ընդդիմադիր կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը:
«Մենք բարոյական և պատմական պատասխանատվություն ունենք հիշելու ցեղասպանությունը և առաջնորդվելու «այլևս երբեք» կարգախոսով: Սա ճիշտ է ցանկացած երկրի համար», - հավելել է նա Twitter-ում:
Նա նաև հայտնել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և հույս է հայտնել, որ կոալիցիան կաջակցի իրեն:
«Մերեց» կուսակցության անդամ Մոսսի Ռազը թվիթերյան իր էջում գրել է. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Նրանց մեկ երրորդը կոտորվել է թուրքերի ձեռքով: Ժամանակը եկել է Իսրայելի համար պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:










