Երևանում տեղի է ունեցել դանակահարություն. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել է. Shamshyan.com
Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 63-րդ խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու և այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Նոր Արեշի բնակիչ, 37-ամյա Համբարձում Պետրոսյանն է, որն «աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուրը նշում է, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում Օդանավակայանի փողոցի 50 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետորսյանի և մշտական բնակության վայր չունեցող 30-ամյա Ամիրան Ֆարեյանի միջև, որն իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Պետրոսյանին: Ոստիկանները տաք հետքերով ոչ միայն հայտնաբերել են կասկածյալ Ա. Ֆարեյանին, այլև դեպքի վայրում հայտնաբերել են դանակ և կան կասկածներ, որ դա հանցագործության գործիքն է:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ Ա. Ֆարեյանը ձերբակալվել է:










