Զոհերի հիշատակին նվիրված պատարագ, ցույց և երթ դեպի թուրքական դեսպանատուն. Ուրուգվայում և Արգենտինայում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

18:03 • 24.04.19

Հարյուրավոր ուրուգվայցիներ, որոնց մեծամասնությունը Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգներն են, մասնակցել են Ցեղասպանության 104-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը:

Ինչպես հաղորդում է El Diario պարբերականը, ոգեկոչման արարողության նախաձեռնությունը պատկանում է Ուրուգվայի «Հայ երիտասարդներ» միությանը, որն արդեն 10-րդ տարին է, ինչ կազմակերպում է անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները հարավամերիկյան երկրում, որն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Համայնքի անդամ Արի Չամլյանը տեղեկացրել է, որի ապրիլի 24-ի նախօրեին բողոքի ցույցեր են իրականացվել, որպեսզի ցույցը չհամընկնի այսօրվա ոգեկոչման արարողության հետ:  

Ոգեկոչման երթին մասնակցում են ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասակներ և երեխաներ՝ իրենց հետ տանելով հայկական դրոշն ու «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» գրությամբ պաստառներ:  

Ուրուգվայի հայ համայնքը 15 000 մարդուց է բաղկացած, և այն մեծ դերակատարություն ունի հարավամերիկյան երկրի կյանքում:

Ոգեկոչման արարողություններ են իրականացվում նաև մի շարք այլ հարավամերիկյան երկրներում, այդ թվում՝ Արգենտինայում, որտեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ինչպես տեղեկացնում է Diario Armenia-ն, այնուհետև մեկնարկել է երթը Բուենոս Այրեսի համալսարանի մոտից՝ ուղևորվելով Թուրքիայի դեսպանի նստավայր: