Այսօր Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցն է
18:30
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀԿ-ից ներկա էին Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Գալուստ Սահակյանը և այլք, իսկ Սերժ Սարգսյանը հուշահամալիր էր եկել իր թոռան հետ:


17:00
Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում պատմեց Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունը:
Ասաց, որ իր մայրը հայտնվել է որբանոցում՝ գաղթի ճանապարհին կորցնելով քրոջը: Իր մայրիկի հորը թուրքերն այրել են մարագի մեջ՝ այլ հայ տղամարդկանց հետ միասին: Մանսուրյանը պատմեց, որ իր մոր ընտանիքից փրկվել է միայն եղբայրը՝ իսկ տատը հասել է Հալեպ ու այնտեղ մահացել: «Սա մեր ընտանիք փաստագրությունն է: Մայրս Լենինգրադյան փողոցում էր ապրում: Հաճախ երեխաներից մեկի ձեռքը բռնած սովորական օրերին վարդերի փունջը ձեռքին գալիս էր այստեղ: Ծիծեռնակաբերդն իր համար որպես իր ծնողների գերեզման էր՝ ծաղիկ դնելու, և ես շարունակում եմ նույնը»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ պատգամ է նա ստացել իր ծնողներից, Մանսուրյանն ասաց՝ փոխանցել են ունենալ «ոգու կամքի աստվածատուր ուժ և կարողանալ դիմադրել»:
15:45
Սա այն օրն է, որ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց օրրանից, սպանվեցին, խոշտանգվեցին, ոչնչացվեցին նյութական ու հոգևոր արժեքները։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության համար պետք է կարևոր նշանակություն ունենա։

13:55
Ամենակարևոր պատգամն այսօր ինձ համար այն է, որ վճռականությունը արդարության վերականգնելու համար երբեք չի կորում: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Տարբեր երկրներում այս օրը բազմաթիվ միջոցառումներ են լինում, երբ մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ հավաքվում են և իրենց տուրքն են մատուցում»,- ասաց նա՝ նշելով, որ այսօր այլ երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ Երևան չեն եկել իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
12:00
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղ է եկել իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- ասաց Նիկոլա Ազնավուրը:
11:05
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
«Այսօր կարևորում ենք այն հանգամանքը, որ մենք պետք է ներշնչվենք հայ ժողովրդի խիզախ զավակներով, որոնք կարողացան շարունակել իրենց կյանքը, և նաև տոկունությունը, որ հանդես բերեց հայ ժողովուրդը և՛ այստեղ` Հայաստանում, և՛ աշխարհի շատ վայրերում․ հայկական համայնքներն իրենց հայկական ոգու ամրությունը դրսևորելով իրենց կարևոր կենսունակությունն են ապահովում»,- ասաց նա:

10:37
Սրբոց նահատակաց բարեխոսական կարգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերին ավարտվեց։ Բարձրաստիճան պաշտոնյաները հեռացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։
10:05
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ժամանեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնանց ուղեկցությամբ:
Ծիծեռնակաբերդում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որն անցկացնում է Սրբոց նահատակաց բարեխոսական կարգ:
Վարչապետի և նախագահի հետ հուշահամալիր են այցելել նաև փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, նախարարներ, կառավարության այլ անդամներ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ։
Այստեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցելու է եկել նաև գործարար Ռուբեն Վարդանյանը։


Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը:
Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության օր, սակայն հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։
Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, ավելի ուշ` զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից, ապա թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։
1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:
1965 թվականից սկսած ամեն ապրիլի 24-ի վաղ առավոտյան մարդկային հոսքերի հիմնական ուղղությունը Հրազդան կիրճի մոտ գտնվող Ծիծեռնակաբերդ բլուրն է, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 44-մետրանոց քարակոթողը, որտեղ անմար կրակի մոտ առավոտվանից սերնդեսերունդ ծաղիկներ են դնում Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի՝ մեր նախնիների հիշատակին:
Հուշարձանի 12 քարակոթողները խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:
Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը սկիզբ է առել Խորհրդային միության տարիներից, և առաջինն այն ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 27 երկիր։ Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ հարյուր նահանգ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ:










