Ինդոնեզիայում ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից մահացածների թիվը 139-ի է հասել

15:44 • 24.04.19

Ինդոնեզիայում կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ գերհոգնածությունից մահացած մարդկանց թիվը 139-ի է հասել, ավելի քան 500-ը հոսպիտալացվել են: Ինչպես նշում է Bangkok Post-ը, այս մասին հայտնել է երկրի արդարադատության և անվտանգության նախարարը:

Ավելի վաղ հաղորդվել էր ընտրական հանձնաժողովների առնվազն 52 անդամի մահվան մասին:

Հայտնի է, որ մահացածների ու հոսպիտալացվածների մեծ մասի աշխատանքային օրը սկսվել է վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ին, և ավարտվել մեկ օր հետո, ընդ որում՝ ընտրատեղամասերում, որտեղ դեռ շարունակվում է քվեների հաշվարկը, ավելի քան 7 մլն մարդ է աշխատում:

Հիշեցնենք, որ Ինդոնեզիայում համընդհանուր ընտրությունները տեղի էին ունեցել ապրիլի 17-ին: Ընտրություններին շուրջ 193 մլն քաղաքացի է մասնակցել: