Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մեկնել է Ռուսաստան (թարմացված)

03:31 • 24.04.19

06.07

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքը հատել է Ռուսաստանի սահմանը և կանգառ է կատարել Պրիմորեի Հասան կայարանում, որտեղ նա այցելել է ռուս-կորեական բարեկամության տուն: Այդ մասին հայտնել է РИА Новости-ն:

Աղբյուրը նշել է, որ Կիմ Չեն Ընին կայարանում դիմավորել են հացով և աղով, նվիրել են ծաղիկներ:  

Հյուսիսային Կորեայի ղեկավարը ռուս-կորեական բարեկամության տանը նվեր է փոխանցել աշխատողին, որը երկար տարիներ հետևում է Կիմ Իր Սենի կառուցած տանը:

Նշվում է, որ այցից հետո հյուսիսկորեացի առաջնորդի զրահապատ գնացքն ուղևորվել է Ուսսուրիյսկի ուղղությամբ:

03.31

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զրահապատ գնացքով մեկնել է Ռուսաստան: Այդ մասին Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը:

Աղբյուրը չի նշել ոչ գնացքի շարժվելու ճշգրիտ ժամանակը և ոչ էլ երթուղին:

Միաժամանակ, սակայն, ըստ գործակալության, ենթադրվում է, որ գնացքը մեկնել է Վլադիվոստոկ, իսկ ուղևորությունը կարող է առնվազն 20 ժամ տևել: Նախատեսվում է, որ Կիմ Չեն Ընի գնացքը 10: 00-ին (Երևանի ժամանակով 04:00-ին- խմբ.) Պրիմորեի հարավում գտնվող Հասան երկաթուղային կայարանով կհատի Ռուսաստանի սահմանը:

Նշվում է, որ կայարանում Հյուսիսային Կորեայի նախագահը կարճ կանգառ կունենա և կայցելի ռուս-կորեական բարեկամության տուն կամ «Կիմ Իր Սենի տուն», որն այնտեղ հայտնվել է 1986 թվականին՝ Կիմ Իր Սենի՝ ԽՍՀՄ այցից առաջ: Ավելի ուշ, այդ տունը այցելել է նաև Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրը՝ 2002 թվականին՝ Ռուսաստան կատարած այցի ընթացքում:

Կարճ կանգառից հետո Կիմ Չեն Ընի զրահապատ գնացքը կուղևորվի Վլադիվոստոկ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ապրիլի 24-ին կժամանի Վլադիվոստոկ, որտեղ ապրիլի 25-ին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: