Նեթանյահուն մտադիր է Գոլանի բարձունքում Թրամփի պատվին նոր բնակավայր անվանակոչել

12:34 • 24.04.19

Իսրայելը մտադիր է Գոլանի բարձունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին նոր համայնք անվանակոչել՝ ի երախտագիտություն վերջինիս կողմից այդ տարածքն Իսրայելի մաս ճանաչելու որոշման, գրում է Reuters-ը:

«Բոլոր իսրայելցիները խորապես զգացվեցին, երբ Թրամփը կայացրեց այդ պատմական որոշումը», -ասել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Գոլանի բարձունքի վերաբերյալ տեսաուղերձում:

Վարչապետը հավելել է, որ հրեական Փեսախի տոնակատարությունից հետո կառավարությանը Գոլանի բարձունքում նախագահ Թրամփի պատվին նոր բնակավայր անվանակոչելու մասին բանաձև կներկայացնի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը 1967թ.-ին Իսրայելի կողմից Սիրիայից բռնագրավված Գոլանի բարձունքում Իսրայելի իշխանությունը ճանաչելու մասին որոշումը կայացրել էր մարտի վերջին:

2017թ.-ին Դոնալդ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք էր ճանաչել, ինչից հետո իսրայելական կողմը հայտնել էր Երուսաղեմի արևելյան մասում գնացքի նոր կայարան կառուցելու և այն Թրամփի անունով անվանակոչելու մտադրության մասին: