Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև թուրքերը մանկական միջոցառում են իրականացնում, հայերը՝ «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ակցիա (տեսանյութ)

16:51 • 24.04.19

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև քիչ առաջ իրավիճակը լարված էր։ Aliq.ge-փոխանցմամբ՝ մի կողմից վիրահայերը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույց էին անցկացնում, մյուս կողմից դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում էր երեխաների օրը, որը Թուրքիայում անցկացվում է ապրիլի 23-ին:

Միջոցառման շրջանակներում ցուցահանդես էր կազմակերպվել (նաև Աթաթուրքին պատկերող նկարներ), hնչում էին մանկական երգեր: 

Դեսպանատան մի հատվածում Հայաստանի և Վրաստանի դրոշներն էին ծածանվում, մյուս կողմում՝ Թուրքիայի: Իսկ նրանց մեջտեղում իրավապահներն էին, որոնք փորձում են բացառել ցանկացած բախում:

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության անդամ Արթուր Միրզոյանը, սակայն նշում էր, որ իրենք շարունակելու են անցկացնել իրենց բողոքի ակցիան և չեն տրվելու սադրանքներին:

Հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն էլ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան բակում տեղի ունեցածը որակեց խայտառակ վերաբերմունք Վրաստանի հայ քաղաքացիների վերաբերյալ:

Համայնքի ներկայացուցիչները նշում են, որ եղածի պատասխանատվությունը կրում են վրացական իշխանությունները, մասնավորապես՝ Թբիլիսիի քաղաքապետարանը և երկրի ներքին գործերի նախարարը: