Մենք առաջին անգամ տալիս ենք աշխարհին, ոչ թե պահանջում. Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա» մրցանակաբաշխության մասին
Մեզ համար կարևոր է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով ներկայացնել Հայաստանի զարգացման ուղղությունները: Մատենադարանում լրագրողների հետ զրույցում խոսելով այս տարի կազմակերպվելիք մրցանակաբաշխության առանձնահատկությունների մասին՝ այսպես ասաց «Ավրորայի» համահեղինակ Ռուբեն Վարդանյանը:
«Ավրորան» շատ մեծ հետաքրքրություն է բերել, շատ տարբեր հյուրեր ենք ունենալու»,- ասաց նա:
Մրցանակաբաշխության միջոցառումների ժամկետը հոկտեմբերի 14-21-ն է: Ժամկետների տեղափոխումը կազմակերպիչները պայմանավորեցին նրանով, որ այդ շրջանում հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանը. այդ ընթացքում Հայաստանում կազմակերպվելու են մի շարք այլ՝ գինու, կինոյի և այլ փառատոններ:
«Հոկտեմբերի երկրորդ շաբաթը ամենասիրունն է Հայաստանի համար»,- նկատեց Ռուբեն Վարդանյանը։
Նախաձեռնության համահեղինակ Նուբար Աֆեյանը, իր հերթին պատասխանելով դիտարկմանը, թե ինչ հայտնի հյուրեր է այս անգամ «Ավրորան» ունենալու, նշեց, որ իրենք հրավիրել են մրցանակաբաշխության Ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին, այս պահին դեռ որոշում չկա, թե ովքեր են լինելու:
Նախաձեռնության համահիմնադիրները խոսեցին նաև «Ավրորայի» առարկայական ազդեցության մասին։ Ռուբեն Վարդանյանը մատնանշեց՝ 15 երկրում հիմա 23 ծրագիր է իրականացվում, և այդ ծրագրերը կրթության և առողջապահության ոլորտներն են ընդգրկում:
Նուբար Աֆեյանն իր հերթին նշեց, որ իրենց համար կարևորը միայն ֆինանսական օգնություն ցուցաբերելը չէ, իրենք փորձում են կարիքի մեջ գտնվողներին, երեխաներին տալ հույս և օրինակ, թե ինչպես կարող են վերականգնվել:
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ մտահոգություններ ունեին՝ մրցանակաբաշխության նկատմամբ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կմարի, սակայն, ըստ նրա, հիմա ակնհայտ է, որ արձագանքն ուժեղ է: «Վերջին հինգ տարիները հեշտ չէին աշխարհի համար, և մարդիկ զգացին այդ պահանջը: Ազգը, որն ինքն է անցնում դժվար ճանապարհ, ինքն է աջակցում»,- ասաց նա:
Նախաձեռնության հեղինակները խոսեցին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի և «Ավրորայի»` դրա վրա հնարավոր ազդեցության մասին։ Մասնավորապես, Նուբար Աֆեյանը նշեց, որ իրենք իրենց նախաձեռնությամբ քաղաքական որևէ նպատակ չունեն:
«Մեզ մոտ սա անձնական նախաձեռնություն է, բայց իմ կարծիքով, արդեն այդ ճանաչումն է, որ ասում ենք, որ աշխարհը տեսնելու է, որ հայերը դառնում են առաջնորդ այս մարդասիրական նախաձեռնության ուղղությամբ,- ասաց նա, ապա հավելեց,- մենք չենք կարող հաջողության հասնել և աշխարհին օգնության չհասնել: Մենք մեր գործը նվիրում ենք աշխարհին, որովհետև հայեր չէին, որ հայերին ազատեցին»:
Ռուբեն Վարդանյանն էլ, համաձայնելով իր գործընկերոջ հետ, նշեց, որ իր կարծիքով, իրենք ճիշտ են անում: «(Ցեղասպանությունը վերապրած – Tert.am) մեկ միլիոն հայ այսօր ապրում է, որովհետև ինչ-որ մեկը մեզ փրկել է: Այդպես ավելի հեշտ է ապացուցել, ցեղասպանություն է եղել. 120 000 որբ ապրել է, որովհետև նրանց օգնել են: Մեզ թվում է, որ այդ ճանապարհը ՝ մարդասիրական, որ ասում ենք՝ շնորհակալություն, որ փրկել եք աշխարհում ապրող հայերի 10 տոկոսը, ավելի ուժեղ է աշխատում, քան ասելը, որ թուրքերը վատն են, մեզ սպանել են, մեզ կողոպտել են: Իհարկե, դա էլ է պետք, մենք չպետք է մոռանանք պատմությունը: Բայց այս միջոցառումն էլ կարևոր է»,- ասաց նա:
Նուբար Աֆեյանն էլ առաջարկեց, որ հայերը իրենց նկատմամբ տեղի ունեցածից հետո պետք է աշխարհի հետ հարաբերություններում տրամագծորեն հակառակ վարքագիծ դրսևորեն. եթե մեզ չարությամբ են վերաբերվել նախկինում, ապա այսօր պետք է դրան բարությամբ պատասխանենք։
«100 տարի առաջ մեզ թուրքերը տվեցին մահ, մենք պետք է այսօր տանք կյանք, մեզ բաժանում էին, աշխարհով մեկ սփռվեցինք, հիմա պետք է միանանք, մենք սոված էինք, մենք հիմա ուրիշներին պետք է տանք սնունդ, մեզ վախեցնում էին, հիմա պետք է ուրիշներին տանք քաջություն: Եթե այդ՝ «հակառակորդի» քայլերը անենք, աշխարհը կտեսնի, թե ինչի դեմ ենք մենք պայքարում»,- ասաց նա:
Ներկայացնելով իրենց նախաձեռնության հաջողության գրավականը՝ Ռուբեն Վարդանյանն էլ նշեց. «Մենք առաջին անգամ տալիս ենք աշխարհին, ոչ թե պահանջում աշխարհից: Դա չի եղել երբեք ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում ընդհանրապես»:












