Հեղափոխությունից հետո քաղաքականություն է տարվում, որ ՀՀ-ում արտոնյալներ չլինեն. Դավիթ Սանասարյան

13:11 • 24.04.19

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում  լիազորությունները քրեական գործի շրջանակներում ժամանակավոր կասեցված են, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել ՊՎԾ աշխատակիցների հետ:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ինքը պատիվ է համարում, որ ՊՎԾ աշխատակիցներն իրեն հրավիրվել են միասին այցելել հուշահամալիր:

«Մենք միասին ենք բարձրացել Ծիծեռնակաբերդ և միասնաբար մեր հարգանքի տուրքն ենք մատուցում և խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ»,- ասաց նա և հրաժարվեց խոսել իր դեմ հարուցված քրեական գործից:

Հարցին, թե ՀՀ-ում փոփոխություններն ինչքանով են նպաստելու Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Սանասարյանը պատասխանեց, որ երբևիցե կենացներով պատմական արդարության չեն հասնում:

«Հայհոյելով պատմական արդարության երբևիցե չեն հասնում, և՛ ՀՀ քաղաքացիներս և՛ նոր Հայաստանի իշխանությունները, բոլորս մեկ բան պետք է հասկանանք՝ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածի պատասխանն ուժեղ Հայաստան ունենալն է, հզոր բանակ, հզոր տնտեսություն ունենալն է և ոչ այն խոսքերը կամ հայհոյանքները որոնցով փորձում են շատերն ինքնահաստատվել»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ ՀՀ–ի կողմից տարվող քաղաքականության հարցում իր համար ամենակարևորն այն է, որ ճանաչվի ՀՀ քաղաքացու իրավունքը սեփական երկրում: «Որ ՀՀ քաղաքացին վստահ զգա սեփական երկրում, որ ՀՀ-ում բոլորը լինեն հավասար , արտոնյալներ չլինեն: Հեղափոխությունից հետո այդ քաղաքականությունը տարվել ու տարվում է»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, նա ասաց, որ իշխանությունները հավասարակշռված արտաքին քաղաքականություն են վարում: «Կարծում եմ՝ ավելի հստակ քաղաքականություն կարող ենք վարել, քան այսօր արվում է, բայց սա չի նշանակում, որ ես համաձայն չեմ տարվող քաղաքականության հետ»,- ասաց նա:

Հարցին, թե որոնք են լինելու նրա հետագա քայլերը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Շարունակելու եմ ապրել ՀՀ-ում, պայքարել ուժեղ Հայաստանի Հանրապետության համար և որևիցե անգամ չեմ մտածելու այլ երկրներում գտնել իմ հանգիստը»:

Ի պատասխան հարցի, թե նրա համար սպասելի՞ էր հեղափոխական իր ընկերների արձագանքը իր դեմ հարուցված քրեական գործի հարցում, որ եթե հիմքեր չլինեին, գործ չէր հարուցվի, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ իր հասուն տարիքում պայքարել է, որ ամեն մեկը կարողանա իր կարծիքն արտահայտել:

«Ես վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է շատ ուժեղ, այլ երկրները ոտք ենք գցելու հավասարը հավասարի հետ, և Հայաստանի Հանրապետությունը լինելու է բոլոր հայերի հայրենիքը»,- ասաց նա:  

Լրագրողների հարցին, թե 2018-ին Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո սպասելի՞ էր, որ հնարավոր է շարունակվի «գործ կարելու» ավանդույթը, Սանասարյանը պատասխանեց, որ բոլոր երկրներում կարող է նման բան պատահել:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել: «ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով»,- ասված էր ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: