Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է վերադառնալ Ուկրաինա
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ցանկանում է Վլադիմիր Զելենսկիի նախագահության շրջանում վերադառնալ, իսկ նրա Ռուսաստանում գտնվելը ժամանակավոր է և հարկադրված: Այդ մասին Известия-ին ասել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը:
Նրա խոսքով՝ պաշտպանները բողոքարկելու են դատավճիռը և ամեն ինչ անելու են, որպեսզի Ուկրաինայի նախկին նախագահին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվեն:
Վիտալի Սերդյուկը համոզմունք է հայտնել, որ երկրում իշխանափոխությունից հետո հնարավոր է, որ Վիկտոր Յանուկովիչի դեմ ուղղված գործընթացը դադարի քաղաքականացված լինելուց: Միաժամանակ, նա չի բացառել, որ շուտով քրեական հետապնդում կարող է սկսվել նաև Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ:
Վիկտոր Յանուկովիչը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահին: Այս ժեստն, ըստ փաստաբանի, որևէ առնչություն չունի նրա վերադառնալու ցանկության հետ: Նա նշել է, որ իրենք շարունակելու են պաշտպանել Յանուկովիչի իրավունքներն՝ անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում կունենա այդ հարցի վերաբերյալ Զելենսկին:
Հիշեցնենք, որ այս տարվա hունվարի վերջին Ուկրաինայի նախկին ղեկավարը, որը պաշտոնանկ արվեց 2014 թվականի հեղափոխության ժամանակ, մեղադրվեց դավաճանության մեջ և դատապարտվեց 13 տարվա ազատազրկման:










