LEGO-ն հատուկ հավաքածուներ է ստեղծել տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար (տեսանյութ)
Դանիական LEGO ընկերությունը հատուկ խաղաքարեր է ներկայացրել, որոնք ստեղծվել են տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար. հավաքածուի յուրաքանչյուր մասնիկ պատրաստված է Բրայլի գրերի կիրառմամբ: Այս մասին ասվում է ընկերության կայքում:
Նախագիծն ստացել է LEGO Braille Bricks անվանումը: Ընկերությունից հայտնել են, որ այն կյանքի է կոչվել երկու բարեգործական ընկերությունների աջակցությամբ, որոնք էլ առաջարկել են գաղափարը:
Դեռևս 2011 թվականին հատուկ հավաքածուներ թողարկելու առաջարկով հանդես էր եկել Կույրերի դանիական ասոցացիան, իսկ դրանից 6 տարի անց՝ նաև կույրերի բրազիլական հիմնադրամը:
Գաղափարի իրականացմանը կողմ են արտահայտվել նաև մի շարք այլ կազմակերպություններ Նորվեգիայից և Մեծ Բրիտանիայից: Հենց այս 4 երկրում էլ կիրականացվեն հատուկ հավաքածուի փորձարկումները:
Նշվում է, որ յուրաքանչյուր մասնիկն արտաքինից չի տարբերվում սովորական խաղաքարերից, որպեսզի ուսուցիչներն ու ընտանիքի անդամները կարողանան օգնել տեսողական խնդիր ունեցող երեխաներին, իսկ նրանց համար բոլոր մասնիկների վրա առկա են Բրայլի գրերը, որոնցով էլ կկողմնորոշվեն երեխաները:










