ՔՊ նիստում, որին մասնակցում էր նաև Ն. Փաշինյանը, քննարկվել են կուսակցության համագումարի ու կանոնադրության հետ կապված հարցեր

21:37 • 25.04.19

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստն ավարտվեց, նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց, փոխարենը խոսեց ՔՊ վարչության փոխնախագահ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստը ոչ թե վարչության էր, այլ նախաձեռնող խմբի։

«Քննարկել ենք կուսակցության օրակարգային հարցեր, այդ թվում նաև կուսակցության համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին Արայիկ Հարությունյանով փոխարինելուն, Պապիկյանը նշեց, որ ո՛չ կհերքի, ո՛չ կհաստատի լուրը։

«Որևէ նման քննարկում տեղի չի ունեցել, վարչության նիստ տեղի չի ունեցել, այն, ինչ  չի քննարկվել, չեմ կարող հաստատել կամ հերքել։ Այս ամենը պարզ կլինի համագումարի ընթացքում»,- հավելեց Սուրեն Պապիկյանը։

Վերջինս խոսեց նաև Քաղաքացու օրը նշելու մասին։ Նրա պատկերացմամբ՝ օրը պետք է շատ ջերմ ու սիրով նշվի, որովհետև իրականացնելու են քաղաքացիները։  Պապիկյանը նաև համակարծիք չէ, որ տոնը նշելու համար պետբյուջեից 124 մլն տրամադրելն անտեղի ծախս է։

«Չեմ կիսում, որ դա աննպատակ ծախս է, քանի որ  նպատակը հստակ է՝ քաղաքացու օրվա միջոցառումներ, որը պետք  է իրականացվի հանրապետության տարբեր քաղաքներում։ Եբ բաղդատեք այդ գումարը տարբեր քաղաքների վրա, կտեսնեք, որ գումարն այդքան էլ մեծ չէ»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել են ՔՊ համագումարի կազմակերպչական հարցեր, որը տեղի է ունենալու հունիսի կեսին, ինչպես նաև քննարկվել է կուսակցության կանոնադրությունը։ Նա, խոսելով իր՝ ՔՊ վարչության անդամ դառնալու մասին, ասաց․ «Վերջնական որոշում դեռևս չեմ կայացրել, բայց, կարծում եմ, որ հայտ կներկայացնեմ»։