Թուրքիայի դրոշն այրելու կեղծ ահազանգերով ընդհանրական մեղադրանք հնչեցնելը հազարավորների հասցեին անհասկանալի է. Գեղամ Մանուկյանը կրկին հրապարակային այրեց Թուրքիայի դրոշը

18:04 • 25.04.19

Թուրքիայի դրոշն այրելու կեղծ ահազանգերով ընդհանրական մեղադրանք հնչեցնելը հազարավորների հասցեին անհասկանալի է: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

«Ամեն տարվա ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ, որպես Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականության դեմ բողոքի արտահայտություն, երիտասարդներն այրում են Թուրքիայի Հանրապետության դրոշը: Բայց այս անգամ դրոշի այրելուց հետո արշավ սկսվեց սոցիալական ցանցերով, բանը հասավ այնտեղ, որ առանձին քաղաքացիներ, այդ թվում՝ կառավարման համակարգի պաշտոնյան, հայտարարեց, որ Թուրքիայի պետական դրոշն այրելը քրեական հանցանք պարունակող քայլ է, ինչը ոստիկանության կողմից պետք է դիտվի որպես հանցագործություն»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Ապա այս հայտարարություններին ի պատասխան Գեղամ Մանուկյանը լրատվամիջոցների առջև կրկին այրեց Թուրքիայի դրոշը:

«Այդպիսի կեղծ ահազանգերով ընդհանրական մեղադրանք հնչեցնելը հազարավորների հասցեին անհասկանալի է: Եվ եթե ոստիկանությունը հանկարծ որոշեր այդ ահազանգերի հետքերով գնալ, կոնկրետ որևէ հասցեատեր չէր կարող գտնել, ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի, շարունակելով այդ քաղաքացիների` դրոշ այրելու քայլը, որոշել եմ հրապարակային այրել Թուրքիայի դրոշը»,- ասաց նա:

Գեղամ Մանուկյանը ևս մեկ անգամ նշեց, որ Թուրքիայի դրոշն այրելը թուրք ժողովրդի դեմ չէ, այլ ժխտողական քաղաքականություն ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է՝ տասնամյակներ շարունակ ցեղասպանություն իրականացրած Օսմանյան իշխանության շարունակություն հանդիսացող կառավարության դեմ:

«Եվ երբ ապրիլի 23-ից հետո այդ գրառումներ անող մարդիկ երեկ կարդային Թուրքիայի նախագահի ուղերձը, որ քիչ են արել հայերի գլխին,  պետք է հասկանային, թե ինչի դեմ է այս բողոքը, ոչ թե կեղծ եղբայրասիրական, խաղաղասիրական քայլեր անեին»,- ընդգծեց նա: