Մարզպետի հետ տարաձայնությունների մասին խոսակցությունները մտացածին են. Արմավիրի քաղաքապետ

11:48 • 25.04.19

Արմավիրի մարզպետի հետ մեր հարաբերությունները բացառիկ ջերմ են ու ընկերական: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը` անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, թե Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները, երեկ Արմավիրի մարզպետը և քաղաքապետը առանձին-առանձին են ծաղկեպսակ դրել Արմավիրի քաղաքային զբոսայգում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ:

«Ամենահետաքրքիրն այն է, որ մեղադրում են ոչ մի բանում, տարաձայնությունների մասին խոսակցությունները մտացածին են: Միասին գնացել ենք Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ, միասին էլ հեռացել այնտեղից, մոտ մեկ ու կես ժամ էլ քայլել ենք քաղաքում: Կամ ինչպե՞ս պիտի ծաղկեպսակը միասին դնեինք, մի կողմի ես բռնեի, մյուս կողմից էլ նա՞»,-ընդգծեց նա:

Արմավիրի քաղաքապետն ասաց, որ իրեն թույլ է տալիս նաև պնդել, որ Արմավիրում երբևէ մարզպետ-քաղաքապետ հարաբերությունները այսքան լավ չեն եղել: