Շրի Լանկայում պայթուցիկ սարքերի մոտ 200 դետոնատորներով պահեստ է հայտնաբերվել

15:48 • 25.04.19

Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները երկրի կենտրոնական Նուվարա Էլիա քաղաքում խուզարկության ժամանակ պայթուցիկ սարքերի մոտ 200 դետոնատորներով պահեստ են գտել, հայտնում է ria.ru-ն՝ պետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարային հղումով:

Ոստիկանի խոսքով՝ դրա հետ մեկտեղ մայրաքաղաքային շրջանում իրավապահները ձերբակալել են 3 մարդու՝ 21 նռնակ պահելու համար:

Բացի այդ, ինչպես գրում է տեղական Ada Derana-ն, հակաահաբեկչական գործողությունները երկրի տարբեր հատվածներում շարունակվում են: 

Հիշեցնենք, որ անցած կիրակի՝ Սուրբ Հարության տոնին, Շրի Լանկայի եկեղեցիներում ու հյուրանոցներում 8 պայթյուն էր որոտացել, որոնց հետևանքով 359 մարդ է զոհվել, 520-ը տուժել է: Ահաբեկչության առնչությամբ տասնյակ կասկածյալներ են ձերբակալվել: Ահաբեկչական գործողություններն իրականացվել են 9 մահապարտ ահաբեկիչների կողմից, որոնցից 8-ի ինքնությունը հաստատվել է:

Ավելի ուշ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն կատարվածին դրա մասնակցությունն ապացուցող փաստեր առայժմ չկան: