Լոս Անջելեսում Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ տասնյակ հազարավոր հայեր փակել են փողոցների երթևեկությունը (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տասնյակ հազարավոր ակտիվիստներ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ փողոց են դուրս եկել, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
«Արդարության երթ»-ի մասնակիցներից շատերը փողոց են դուրս եկել ամբողջ ընտանիքով և անգամ մանկահասակ երեխաների հետ:
«Հենց նոր սերունդը պետք է շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը»,- ասվում է հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում:
Երթի մասնակից հայերը հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել են, որ նմանատիպ երթեր և ակցիաներ կիրականացվեն, մինչև Թուրքիան չճանաչի Ցեղասպանության փաստը և հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը չվերականգնվի:
Լոս Անջելեսի հիմնական փողոցները մինչև երեկո ակցիայով պայմանավորված փակ են մնացել: Երթն ավարտվել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ:
Նախօրեին մեկ այլ բազմամարդ ակցիա է անցկացվել Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ հայաշատ քաղաքում:










