Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն. վարչապետ

12:13 • 25.04.19

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը: Վարչապետն էլ հիշեցրեց, որ կառավարության գերակայությունը տեխնոլոգիական ոլորտում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են:

«Մենք ուշադիր պետք  է լինենք, որ իներցիոն երևույթները սովորական չդառնան: Երբեմն մենք չենք կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչու ենք այս ոլորտում այդքան անվճար  տեղ հատկացնում»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան՝ իներցիան փոխելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնել հենց իներցիայի հետ:

«Հաջորդ տարի այս որոշումը պետք է կայացվի բոլորովին ուրիշ վերլուծությունների հիման վրա, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գանք: Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են և պետք է ոչ-ոքի տրամաբանությունից դուրս գանք և երկարաժամկետ մտածենք»,-ասաց նա և նշեց, որ համալսարաններն արդեն պետք է իշխանության ձեռքին գործիք չլինեն, ապաքաղաքականացվեն:

«Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք, այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ մենք այս որոշումը կայացրինք, քիչ թե շատ բնականոն ընթացքը ապահովեցինք, բայց պետք է նվիրվենք մյուս տարի այս նախագիծը բովանդակային առումով ձևափոխելուն»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ մյուս բուհերի համար փոքր թիվ է կազմում նախատեսված փոփոխությունը և միայն արվեստի բուհերի առումով կարելի է նեղացրած համարել:

Վարչապետն արձագանքեց, որ արվեստի բուհերին էլ պետք չէ նեղացնել, պետք  է փիլիսոփայությունը փոխել: «Մշակութային քաղաքականությունը պետք է փոխենք և այլ տրամաբանության վրա դնենք: Մեզ պետք է մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Հայաստանից հեռանան, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ, այստեղ պետք է  հնարավորություն տանք, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները նույն կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրներն ավելի կարևոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարևոր են մեզ համար»,-ասաց նա և նշեց, որ  կրթությունը մեզ համար ռազմավարական ուղղություն է, և պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, բայց պետք է առաջնորդվենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով:

«Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ թե ինչ խնդիր ենք լուծում»,-հավելեց նա և նախագիծը ընդունվեց: